Պատմություն

Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը: Ք.ա. 190թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես I-ը:
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին: Իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը: Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել միայն  Փոքր Հայքը և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Արտաշես Ա-ն կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների: Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Արևելքում տարածված սովորույթ էր , երբ նոր արքայատոհմը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում: Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185թ. Արարատյան դաշտում Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն: Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։
Մեծ Հայքի անտրոհելի տիրույթ է կազմել նաև Կոմմագենե «աշխարհը»։ Մ.թ.ա. III դ. կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվել է թագավոր։ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև մ.թ.ա. III դ. վերջը պահպանել է իր ինքնուրույնությունը։ Սամոսի անունով հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստական քաղաքները։ Մ.թ.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արսամեսը (Արշամ), որը հիմնել է Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում)։ Մ.թ.ա. III դ. վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն և հպատակեցրել Ծոփքը, որի արքա Քսերքսեսը մ.թ.ա. 201-ին սպանվել է դավադրությամբ, Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարեհին։
Մ.թ.ա. III դ. վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200-ին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։
Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը։
















Վանի թագավորության կոծանումից հետո,Հայկական լեռնաշխարհում  հաստատվեց  Երվանդունիների Հայկազյան արքայատոհմը:Ըստ ավանդության,Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի  թագավորը ճանաչել է Հայոց արքա:Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն: Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը: Երվանդունիների համահայկական թագավորությունը ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը:   Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախորդ դարերում: Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Սակայն վերջինիս Աժդահակի զորավարներից  Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել: Այնուամենայնիվ հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:  Հետագայում  Աժդահակի դեմ ապստամբեց նաև հենց ինքը Կյուրոսը, որը ազգության պարսիկ էր՝ Աքեմենյան տոհմից: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց: Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը: Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը: Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ: Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին համառ դիմադրության:  Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հայաստանի հարավային սահմանների մոտ: Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը: Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների: Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքը: Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ: Այս վիճակը Հայաստանում  շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Սարդուրի Բ-ին հաջորդած Ռուսա Ա-ն (Ք.ա. 735-713 թթ.) հսկայական ջանքեր գործադրեց պետության հզորությունը վերականգնելու համար։ Նա մեծ նվաճումներ կատարեց Սևանա լճի ավազանում և նրանից արևելք ու հարավ ընկած տարածքներում։ Ամենուրեք կառուցվում էին ամրոցներ՝ պետության իշխանությունը նվաճված երկրներում ամրապնդելու համար։ Նա ստիպված էր ծանր կռիվներ մղել Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերական ցեղերի դեմ, որոնք սկզբում ծանր հարվածներ հասցրին Վանի թագավորությանը։ Ի վերջո Ռուսայի դիվանագիտությունը հաղթեց, և վտանգավոր թշնամին նրա հորդորներով շարժվեց դեպի Փոքր Ասիա։ Կիմմերները հաստատվեցին Կապադովկիայում, որը նրանց անունով ստացավ Գամիրք անվանումը։ Այստեղից նրանք հաճախակի հարձակվում էին Ասորեստանի վրա։
Վանի թագավորությունը ծանր հարված ստացավ Ռուսա Ա-ի գահակալության վերջին շրջանում։ Ռուսա Ա-Ն սկզբում ամեն կերպ խուսափում էր Ասորեստանի հետ բախումից։ Իսկ երբ պարզ դարձավ, որ դա անհնար է, նա սկսեց վարել արտաքին ակտիվ քաղաքականություն։ Դրան ի պատասխան, ասորեստանյան բանակը Ք.ա. 714 թ. ներխուժեց թագավորության կենտրոնական երկրամասերը։ Թշնամին՝ անխնա ավերելով ու ավարի ենթարկելով երկիրը, անգթորեն ոչնչացնում էր ոչ միայն բնակավայրերը, այլև այգիներն ու ցանքսերը։ Վերադարձի ճանապարհին թշնամին հարձակվեց Վանի թագավորությանը ենթակա Մուծածիրի իշխանության վրա, որտեղ գտնվում էր թագավորության գլխավոր աստված Խալդիի հռչակավոր մեհյանը։ Մեհյանը, որն իր ոճով հիշեցնում էր Գառնիի տաճարի նախատիպը, ավերվեց և կողոպտվեց։
Այսուհանդերձ, դրանից հետո կիմմերական ցեղերի և այնուհետև քաղաքական ասպարեզում հայտնված սկյութական ցեղերի արշավանքները նշանակալից չափով մեղմացրին հակամարտությունը երկու երկրների միջև։ Բախումները նրանց միջև գործնականում դադարեցին։
Վանի թագավորությունը հզորության մի փայլատակում ունեցավ Ռուսա Բ-ի օրոք (Ք.ա. 685-645 թթ.): Նա հայտնի էր շինարարական աշխատանքներով Տուշպայում և Այրարատյան դաշտում, որտեղ նրա ջանքերով կառուցվեց Թեյշեբաինի քաղաքը (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում)։ Թեյշեբաինին աստիճանաբար վերածվեց երկրամասի տնտեսական կենտրոնի և հյուսիսային կարևոր ռազմական հենակետի։ Հնարավոր եղավ կասեցնել սկյութների արշավանքները, և վերջիններս անգամ բարեկամական հարաբերություններ հաստատեցին Ռուսա Բ-ի հետ։
Ռուսա Բ-ից հետո հիշատակվում են ևս մի բանի գահակալներ, սակայն նրանք չկարողացան վերականգնել պետության երբեմնի հզորությունը։ Վանի թագավորությունը գնալով թուլանում էր։ Շուտով նրա մի մասում հանդես եկավ Պարույր Սկայորդու թագավորությունը, որը Մարական թագավորության կողմից ճանաչվեց Հայոց թագավոր։

Նախագգիծ

Նախագիծ, որի շրջանակներում կհետազոտենք և կուսումնասիրենք Երևան քաղաքը: Նախագիծը բաղկացած կլինի մի քանի փուլերից: Առաջին փուլում  Կենտրոն համայնքի օրինակով կիրականացնենք Երևանի ուսումանասիրությունը,կպարզենք, թե ինչ փողոցներ կան Երևանի կենտրոնում, ինչ նշանավոր գործիչների և իրադարձությունների պատվին են անվանակոչվել այդ փողոցները, ինչպիսի պատմություն ունեն դրանք,երբ են հիմնադրվելև նախկինում ինչպես են  անվանվել: Ձեր մասնակցության և աշխատանքի շնորհիվ կիմանանք նաև,թե ինչպիսի կարևոր  հաստատություններ և հուշարձաններ  են գտնվում մեր հետազոտած փողոցներում(մշակութային,կրթական,առողջապահական,պետականկառավարման և այլն), ինչպես նաև կանրադառնանք այդ փողոցներին հարող այգիներին և պուրակներին:


1.Խաչատուր Աբովյան
2.Սայաթ Նովա
3.Գրիգոր Խանջյան
4.Երվանդ Քոչար
5.Հովհաննես Թումանյան
6.Ալեքսանդր Պուշկին
7.Վահան Տերյան
8.Ամիրյան
9.Մովսես Խորենացի
8.Ղազար Փարպեցի
10.Գրիգոր Լուսավորիչ
11.Մհեր Մկրտչյան
12.Վազգեն Սարգսյան
13.Միքայել Նալբանդյան
14.Եզնիկ Կողբացի
15.Մեսրոպ Մաշտոց
16.Տիգրան մեծ
17.Մոսկովյան
18.Մարտիրոս Սարյան
19.Ավետիք Իսահակյան
20.Արամի(Արամ Մանուկյան)
21.Փավստոս Բուզանդ
22.Հանրապետության
23.Ալեք Մանուկյան
24.Եղիշե Չարենց
25.Կորյուն



Վանի թագավորությունը Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք



Արգիշտի 1-ին։ Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքների կառուցումը
Գահ բարձրացած Արգիշտի 1-ին (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։
Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի Երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի 1-ինը   կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը։
Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։
   
Սարդուրի 2-րդ։ Վանի թագավորության և Ասորեստանի միջև հակամարտության ուժեղացումը
Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի 1-ինի որդի Սարդուրի 2-րդի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։ Ինչպես իր նախնիները, Սարդուրին էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը։ Հարավում նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։
Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանում գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար 3-րդ արքան , որ կարողացել էր ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը, շարժվելով առաջ, մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։





Վանի թագավորություն(Ուրարտու)

Վանի թագավորության ծնունդն ու ամրապնդումը
Ք.ա. IX դարում Հայկյանների Այրարատյան թագավորության՝ Ասորեստանից կրած պարտությունների հետևանքով Հայկական լեռնաշխարհում ծնունդ է առնում մեկ այլ պետություն։ Վերջինս նրա արքաների թողած սեպագիր արձանագրությունների մեջ կոչվում է Բիայնիլիի թագավորություն, իսկ ասորեստանյան արձանագրություններում՝ Ուրարտու։ Եվ քանի որ Բիայնիլի անունից ծագում է Վան քաղաքի անունը, պատմագիտության մեջ ընդունված է այն կոչել Վանի կամ՝ համաձայն ասորեստանյան անվանման, Ուրարտուի թագավորություն։
Սկզբում այն փոքր պետություն էր, որ դժվարությամբ դիմադրում էր ասորեստանյան արշավանքներին։ Սակայն քաղաքական բարենպաստ պայմանների շնորհիվ այն աստիճանաբար տարածվում է և ծավալվում։ Շուրջ մեկ դարի ընթացքում զենքի ուժով Վանի թագավորությունն իր իշխանությունն է հաստատում Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա։ Ասորեստանցիները, որ սկզբում բախվել էին Այրարատյան թագավորության հետ, վերջինիս անունը Ուրարտու արտասանությամբ տարածեցին նոր հանդես եկած պետության վրա։
Վանի թագավորության հիմնադիրը եղել է Սարդուրի Ա-ն, որն իր մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողած արձանագրության մեջ իրեն կոչում է «Մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա, արքաների արքա, որը բոլոր թագավորներից հարկեր է ստացել»։
Վանի թագավորության վերածվելը Առաջավոր Ասիայի հզոր տերության
Վանի թագավորությունը նշանակալից չափով ամրապնդվեց Սարդուրի Ա–ի որդի Իշպուինիի գահակալության շրջանում։ Նա և նրա որդի Մենուան (Ք.ա. 810-786 թթ.) նշանակալից չափով ընդարձակեցին իրենց թագավորության տարածքը՝ ծավալվելով դեպի Արածանի գետի հովիտը և Ուրմիո լճի ավազանի հարավային շրջանները։ Սակայն Վանի թագավորությունը մեծապես հզորացավ Մենուայի օրոք։ Նրան հաջողվեց իրեն ենթարկել ոչ միայն Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, այլև համառ պայքար սկսել Ասորեստանի դեմ՝ Առաջավոր Ասիայում քաղաքական գերիշխանության հասնելու համար։ Նրա օրոք գրավվեց Այրարատյան դաշտի հարավային մասը, և Մասիս լեռան հյուսիսային փեշերին կառուցվեց Մենուախինիլի քաղաքը։ Նա իր թագավորությանը միացրեց Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի շարք շրջաններ, Դիաուեխի երկիրը և այլն։
Մենուայի կառավարման շրջանում նվաճված ցեղերի վրա պետության գերիշխանությունն ապահովելու համար կառուցվում են հզոր ամրոցներ ոչ միայն տերության կենտրոնական երկրամասերում, այլև ծայրամասային մարզերում։ Մենուան ավարտեց դեռևս Սարդուրի Ա-ի ժամանակ սկսված մայրաքաղաք Տուշպայի պաշտպանական կառույցների շինարարությունը։ Արքունիքը հոգ էր տանում գյուղատնտեսության զարգացմանը՝ մեծ ուշադրություն նվիրելով, առաջին հերթին, այգիների և ցանքատարածությունների ընդլայնմանը։ Մենուայի ժամանակներից սկսած երկրում մեծ զարկ տրվեց ջրանցքաշինությանը, որի շնորհիվ յուրացվեցին և ոռոգվեցին ընդարձակ հողատարածություններ։ Թագավորը Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետից 72 կմ երկարությամբ ջրանցք կառուցեց մինչև պետության մայրաքաղաք Տուշպա։ Ջրանցքն այնքան լավ էր կառուցված, որ գործում է մինչև այսօր՝ ջուր մատակարարելով Վանի բնակիչներին և այգիներին։ Ջրանցքի ամբողջ երկարությամբ Մենուայի թողած արձանագրություններից մեզ են հասել 14-ը, որոնցում նա աստվածների անունից սպառնում է բոլոր նրանց, ովքեր կջարդեն արձանագրությունը և կփորձեն իրենց վերագրել ջրանցքի կառուցումը։ Ավելի ուշ հայերը ջրանցքը կոչում էին Շամիրամի ջուր՝ Ասորեստանի թագուհի Շամիրամին վերագրելով դրա կառուցումը։
Մեծ նվաճումների և Ասորեստանի դեմ մղած հաջող կռիվների արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայի հզորագույն տերության։

Հայ ժողովրդի ծագման հունական և վրացական ավանդազրույցները



Հունական ավանդությունը: Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն, հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե Գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը: Ավանդությունն առավել հանգամանորեն պատմվում է Ք.ա. 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնի կողմից, որը նաև հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Այս ավանդազրույցը Առաջավոր Ասիայի նշանավոր ազգերին՝ պարսիկներին, հայերին ու մարերին հունական ծագում վերագրող զրույցների շարքից է և նպատակ է հետապնդել ժողովրդի գիտակցության մեջ  արդարացնելու մակեդոնական նվաճումները ՝ «ամբողջից անջատվածներին վերստին ամբողջի միավորելու առաքելության» սկզբունքով: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի՝ թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:
Վրացական ավանդությունը: Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց պատմիչների  կողմից : Ըստ վրացական ավանդության, Թորգոմի ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից(Հայկ)՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր անդրրկովկասյան երկրների վրա (դրանով էլ պետք է բացատրել ոչ թե Քարթլոսի, այլ Հայոսի՝ ութ եղբայրներից ավագագույնը լինելու հանգամանքը):





Հայ ժողովրդի ծագման հայկական տարբերակին:



 Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից  առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
Հայկական ավանդությունը: Ստեղծվել է դեռևս վաղնջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: 
Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին և արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»…
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության՝ հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից և Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները 
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն՝ Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ և այլն):

Комментариев нет:

Отправить комментарий